Նա այն ՀԱՅ բժիշկն է, ով քաղցկեղը բուժել է նաեւ վերջին փուլում, երբ այլ բժիշկներ հրաժարվել են

Նա այն ՀԱՅ բժիշկն է, ով քաղցկեղը բուժել է նաեւ վերջին փուլում, երբ այլ բժիշկներ հրաժարվել են

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ բժշկական տնօրեն, Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ-ի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը, 1994թ․ ավարտելով Երեւանի բժշկական համալսարանը, մեկնել է Մոսկվա, սովորել եւ աշխատել է օնկոլոգիայի ինստիտուտում, պաշտպանել թեկնածուական, այնուհետեւ՝ դոկտորական թեզ։ 24 տարի Մոսկվայում ապրելուց եւ աշխատելուց հետո նա այս տարվա ապրիլին վերադարձել է Հայաստան։ Ասում է՝ միշտ էլ փայփայել է վերադառնալու միտքը, քանի որ վիրահատությունների համար ժամանակ առ ժամանակ իրեն հրավիրել են Հայաստան։ Սակայն վերջնական որոշում կայացրել է հեղափոխությունից հետո։ Հայաստան է եկել ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով։«Մինչեւ այդ իրավիճակը հիասթափեցնող էր, երբ ես տեսնում էի, որ Հայաստանի ապագայի, զարգացման հետ կապված առանձնապես հույս չկար։ Երբ տեսա փոփոխությունները, հասկացա, որ իմ վերադառնալու ժամանակն է»,- ասում է Բադալյանը։

Մեր զրուցակիցը բարդ վիրահատություններից հետո սիրում է զբաղվել սպորտով, Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ ֆուտբոլի բժշկական հավաքականների եւ Ռուսաստանի հավաքականի կազմում ֆուտբոլի կրկնակի չեմպիոն է։ Զբաղվում է նաեւ արեւելյան մարզաձեւերով։ Մեզ հետ զրույցում ասում է, որ չի կարող իրեն լիարժեք զգալ, եթե 10 ժամ տեւող վիրահատությունից հետո չզբաղվի սպորտով։ Վիրահատում է անհույս հիվանդների, երբ այլ բժիշկներ հրաժարվում են վիրահատել։ Հիշում է․ «Եղել է դեպք, որ հրավիրել են մի հիվանդի համար, այլ հիվանդանոցներում՝ Մասիվի հիվանդանոցում, «Իզմիրլյան» ԲԿ-ում, օնկոլոգիայի ինստիտուտում, մասնագետներն իմացել են, հրավիրել այլ հիվանդների մոտ։ Եղել են անհույս վիճակում գտնվող հիվանդներ՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ կապված, եւ շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ հետագայում շարունակել են ապրել լիարժեք կյանքով»։Վիճակագրական տարբեր տվյալներով՝ Հայաստանը քաղցկեղով հիվանդացության, մահացությունների թվով անմխիթար վիճակում է։

«Քաղցկեղը, ցավոք սրտի, շատ մեծ աճ է ապրում։ Դրա պատճառները տարբեր են․ ե՛ւ կենսաբանական թափոններն են շատ մթնոլորտում, ե՛ւ կյանքի որակը, ե՛ւ ծխելը, ազբեստի ներկայությունը։ Գլխավոր ճարտարապետը վերջերս նշեց, որ Հայաստանում շատ է ազբեստը, որի՝ օդում բարձր պարունակության պատճառով թոքերում առաջանում է ուռուցք։ Իսկ ծխելու պատճառով միզապարկի ուռուցքն ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, քան կանանց։ Կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի տարածումը պայմանավորված է ուշ հայտնաբերմամբ։ Շատերը մեկնում են արտերկիր՝ բուժման նպատակով, բայց ես չէի ասի, թե այնտեղ լիարժեք բուժում են քաղցկեղը։

Արտերկրում կա ժամանակակից մեթոդոլոգիա, փորձ, որը կիրառելով՝ ստանում են ավելի լավ արդյունքներ։ Հայաստանում շատ ցածր է քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերելու արդյունավետությունը։ Կան կազմակերպչական շատ հարցեր, երբ կատարում են հետազոտություններ եւ հայտնաբերում ուռուցքը։ Մոսկվայում բժշկական ոլորտում բարեփոխումներն ուղղված են առաջին փուլում հիվանդությունը հայտնաբերելուն, որովհետեւ եթե մարդիկ չեն հետազոտվում, ապա հետագայում հայտնաբերված հիվանդությունն առաջացնում է լուրջ բարդություններ։

Հայաստանում ուշ են հետազոտվում, այդ պատճառով էլ գերակշռող են երրորդ եւ չորրորդ փուլերում հայտնաբերված ուռուցքները։ Հասկանում եմ, որ հատկապես մարզերում քիչ են հետազոտությունների հնարավորությունները, շատ ցածր մակարդակ ունեն, սակայն ճիշտ կառավարման դեպքում կարելի է հասնել լավ արդյունքների։

Մոսկվայում աշխատելու ընթացքում ես տեսել եմ, թե ինչ արդյունքների կարելի է հասնել բժշկական հետազոտությունը ճիշտ կազմակերպելու շնորհիվ։ Արտերկրում շատ են հայ բժիշկները, որոնք ունեն մեծ պոտենցիալ, եւ եթե այդ պոտենցիալն օգտագործվի, ապա Հայաստանի բժշկությունը կարելի է հասցնել այլ մակարդակի»,- կարծում է Խաչատուր Բադալյանը։

Leave a Reply